Մեկնարկել է «Ճանապարհ թրեյլ» նախագծի երկրորդ փուլը։ Այն Արցախի ամբողջ երկայնքով՝ հյուսիս-հարավ ուղղությամբ, ձգվող 16 արահետներից բաղկացած քայլուղի է։
Միջազգային և հայկական մի շարք կազմակերպությունների և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի զարգացման աշխատանքները, որոնք ընդգրկում են արահետների բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում արահետների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ, մեկնարկել էին 2017 թվականի՝ նախագծի տասնամյակին ընդառաջ։
Armenia today-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշել է, որ նախագծի գաղափարը Րաֆֆի Կոջյանինն է, որի սկիզբը դրվել է դեռևս 2007թ.` այն ժամանակ ԱՀ կառավարության անընթեր Տուրիզմի վարչության հետ համագործակցաբար:
Ներկայումս ծարգիրն իրագործում է «Թրեյլս ֆոր Չեյնջ» կազմակերպությունը` նախաձեռնողների հետ համատեղ:
«Աշխատանքը երեք փուլից է բաղկացած: Առաջին փուլում կատարվել է տարածքի բարեկարգում, գծանշում, կահավորում, տեղեկատվական ցուցանակների տեղադրում, երկորդը լինելու է ծրագրի հանրահռչակումը` կայքէջի թարմացում, հավելվածի ստեղծում, տարբեր սոցիալական հարթակներով քարոզում: Իսկ երրորդ փուլով նախատեսվում է բնակավայրերում գիշերակացի ապահովում: Այժմ քայլուղին գրեթե ամբողջությամբ պատրաստ է, երկրորդ փուլն արդեն սկսված է, երրորդն էլ սկսվելու է 2020թ.»,- ասել է Արտակ Գրիգորյանը:
Վարդենիսից սկիզբ առնող և Հադրութում ավարտվող ավելի քան 200 կմ երկարությամբ երթուղու աշխատաքների համար «Թրեյլս ֆոր Չեյնջ» կազմակերպությունը նախաձեռնել է դրամահավաք-հեծանվարշավը, որի արդյունքում հավաքված գումարն ուղղվելու է «Ճանապարհ» արահետի բարելավմանը։
Ծրագրին նյութական և կազմակերպական առումով աջակցում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
ԱՀ ՄԵՀԶ նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը հույս է հատնել, որ նախագիծն օգնելու է Արցախում էկոտուրիզմի և դրա կարևոր բաղադրիչ արկածային տուրիզմի զարգացմանը: «Այն զբոսաշրջիկները, որոնք չեն նախընտրում տարբեր պատմամշակութային վայրեր, թանգարաններ այցելել, կարող են իրենց ճամփորդությունն ավելի հետաքրքիր դարձնել ծանոթանալով Արցախի բնական և մշակութային ռեսուրսներին, շփվելով տեղի բնակչության հետ»,- նշել է Արտակ Գրիգորյանը: