Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի շրջանակներում, որը կրում է «Արժեքներ գործողության մեջ․ Հայաստանի դիվանագիոտությունը փոփոխվող աշխարհում» խորագիրը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադաձել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և միջազգային այլ դերակատարների հետ հարաբերություններին՝նշելով, որ Հայաստանի համապարփակ անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում է մեր արտաքին քաղաքական գերակայությունները։
Անդրադրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Մեզ Ռուսաստանի ժողովրդի հետ միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը»։
Խոսելով երկու երկրների դաշնակցային օրակարգի մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում։ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները և բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը և հետապնդումը։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ իր համագործակցությունը։ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող փոխգործակցության համար կարևորագույն նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը։
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։
«Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր՝ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում՝ կարևոր ներգրավվածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում առավելագույնս կարևորվում է երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները, որոնք խարսխված են բազմադարյա պատմական փորձի վրա և ունեն կարևոր նշանակություն տարածաշրջանային անվտանգության և զարգացման համար:
Ըստ Զոհրաբ Մացականյանի՝ այս երկու երկրների հետ համագործակցության զարգացումը նպաստում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայնմանը և դիվերսիֆիկացմանը: