Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրն առցանց խորհրդակցություն են ունենալու «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագետների հետ՝ քննարկելու Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Այս մասին այսօր Ջերմուկի բնակիչներից մեկի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խորհրդակցության տեսագրությունը հրապարակվելու է, և հասարակությունը հնարավորություն է ունենալու տեղեկանալ քննարկման մանրամասներին։
«Կան շատ մարդիկ, որոնք ասում են, որ թեկուզ պարզվի՝ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, միևնույն է՝ դեմ են շահագործմանը։ Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք։ Կա անվտանգության, քաղաքական և բարոյական շահ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», – ընդգծել է ՀՀ վարչապետը։