Արցախի Հանրապետության պաշպտանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված օգոստոսի 12-ին Ադրբեջանում հայտնված ՊԲ զինծառայող շարքային Արայիկ Ղազարյանի և Ադրբեջանի՝ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու քաղաքականության հետ։
«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ»,-ասված է Արցախի ՊՆ հայտարարության մեջ։
Արցախի ՊՆ-ն նշում է, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելն ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է:
«ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն, և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»,-ասված է Արցախի ՊՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը և հայտնվել Ադրբեջանի տարածում: