ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում որոշում է կայացվել ավելացնել պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով:
Ըստ նախագծի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թ․ փոփոխություն չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 %), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:
Նախագծի նպատակն է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:
Նախագծի ընդունման արդյունքում 2019 թ. 6 ամսվա հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 միլիոն 942 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին: