Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արած հայտարարությանը։
ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ առկա անձնական բնույթի հարձակումները և նշել է, որ Բաքվի հայտարարությունը վկայում է Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության մշակույթի մասին, որն ուղղորդվում և խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն մերժում են Արցախի ժողովրդի և վերջիններիս կողմից ընտրված իշխանությունների հետ որևէ ուղղակի ներգրավվածության հնարավորությունը, որոնք էթնիկ զտումներ և այլ զանգվածային վայրագություններ են իրականացրել Արցախում 1990-ականներին և 2016թ․ ապրիլին, ովքեր հետևողականորեն որդեգրել են ատելության քաղաքականություն, այդ թվում հայերին սպանած մարդասպանների հրապարակային հերոսացման միջոցով, անմիջական պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի անվտանգության և գոյության համար վտանգներ ստեղծելու համար։
ՀՀ ԱԳՆ ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ վարչապետի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լինելու դիրքորոշումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները փոխադարձաբար չեն արտահայտենլ իրենց պատրաստակամությունն Արցախյան հակամարտության՝ բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման հասնելու հարցում:
«Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր առավելապաշտական պահանջներին, որոնք ուղեկցվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով, շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, անտեսում է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և մերժում բոլոր կողմերի համար ընդունելի ցանկացած լուծում: Նման մոտեցումները հետևողականորեն արտացոլվում են Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայրարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի անփոփոխ դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և նշել, որ այդ դիրքորոշումն արտահայտված է ՀՀ վարչապետի վերոնշյալ հայտարարությունում:
«Հայաստանը հաստատակամ է հասնելու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մերժելով ուժի կամ ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, ինչպես հաստատակամ է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: