ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակում և ֆինանսական միջոցների, ապրանքների և ծառայությունների մատուցման արգելք: Արգելափակման են ենթարկվում երկրի Կենտրոնական բանկն ու PDVSA պետական նավթընկերությունը: Որոշման տեքստը երկուշաբթի տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես եկա այն եզրահանգման, որ անհրաժեշտ է արգելափակել Վենեսուելայի կառավարության սեփականությունը՝ հաշվի առնելով Նիկոլաս Մադուրոյի (Վենեսուելայի նախագահ) անօրինական ռեժիմի կողմից իշխանության զավթումը»,- ասվում է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված նախագահի նամակում:
«Արգելափակման տակ են անցնում լատինաամերիկայն երկրի բոլոր կառավարական գերատեսչությունների, այդ թվում Վենեսուելայի Կենտրոնական բանկի և PDVSA պետական նավթընկերության ակտիվները»,- նշվում է փաստաթղթում: Բացի դրանից, պատժամիջոցները տարածվում են բոլոր «վերը թվարկված (գերատեսչությունների և կազմակերպությունների) ուղղակի կամ անուղղակի ենթակայության կամ ազդեցության տակ գտնվող անձնանց վրա», ինչպես նաև բոլոր նրանց վրա, ովքեր «ուղղակի կամ անուղղակի գործում կամ մտադիր են գործել վերը հիշատակված (գերատեսչությունների և կազմակերպությունների) անունից և նրանց շահերի օգտին»,- շեշտվում է տեքստում:
Վերը նշված անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր «նյութապես օժանդակել, հովանավորել կամ ֆինանսական, նյութական կամ տեխնիկական օգնություն են տրամադրել, ինչպես նաև ապրանքներ և ծառայություններ են մատուցել» հրամանագիրն արգելում է մուտք դեպի ԱՄՆ: Բացառություն արվում է միայն ամերիկյան դաշնային կառավարության անդամների համար, ովքեր իրականացնում են պաշտոնական գործառություններ: Բացի դրանից, թույլատրվում են «սննդի, հագուստի և դեղամիջոցների մատակարարման հետ կապված գործարքները, որոնք պետք է օգտագործվեն բնակչության տառապանքները մեղմելու համար» :
Ինչպես նշում է The Washington Post թերթը, Տրամփի հրամանագիրը փաստորեն նշանակում է Վենեսուելայի դեմ «տնտեսական լրիվ արգելափակում»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ամերիկյան կառավարությունը քննարկում է արդյոք Բոլիվիայի Հանրապետության արգելափակման հնարավորությունը, հաշվի առնելով Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից Կարակասի ստացած արտասահմանյան օգնության ծավալները: