Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը նշել է, որ ներկա է գտնվել փորձերին, համոզվել ու վստահաբար կարող է ասել, որ խաղերը պարգևելու են հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, հիշարժան պահեր:
ԱՀ նախագահը նշել է,որ բեմադրություն է ներկայացվելու, որի շրջանակներում ներկայացվելու է, թե ովքեր են հայերը, ինչի համար են եկել այս աշխարհ և ինչ առաքելությամբ:
«Այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության Արցախին ընկած բաժնեմասից: Մենք չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք մեծագույն հարգանք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացում մաքառել են, շրջանցել են բազում փորձություններ ու մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք պատգամել են, որ այս երկրի գերագույն արժեքը մարդն է ու մարդասիրությունը»,- հայտարարել է Բակո Սահակյանը։
Բակո Սահակյանի խոսքով այս գիտակցմամբ տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպվելու ազգային արժանապատվության ոտնահարմանը:
«Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ու այդ ժամանակվանից սկսած Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես մտածելակերպ, կենսակերպ»,- հայտարարել է Բակո Սահակյանը։
Արցախի նախագահի խոսքով այս եռամիասնությամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, իրականացրել ենք ու իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր այդ եռամիասնության շնորհիվ, թևակոխել ենք կայուն փուլ:
«Հայ ժողովրդի ամենամեծ սխրագործություններից մեկը արցախյան շարժումն է: Այսօր՝ այստեղ, ևս հայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ կատարելու՝ ստեղծելու նախադրյալներ հաջորդ հաղթանակների համար: Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քույրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների հետևից, հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար՝ մոտենալով միացյալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,-ասել է Բակո Սահակյանը: