«Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակներում Դիլիջանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցաձևում հաղթանակ է տարել Հայաստանի թիմը։
Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը և այն անցկացվել է IOF-ի միջազգային կանոններով։
Մասնակիցները լեռնաանտառային կտրտված տեղանքում հաղթահարել են 2,5-3,5 կմ։ Մանասկիցները տարածքում պետք է կողմնորոշվեին միայն քարտեզով և կողմնացույցով՝ քարտեզում նշումներ կատարելով երթուղու հսկիչ կետերում։ Եզրագծում մրցավարները հաշվի էին առնում երթուղու հաղթահարման ժամանակը և, ըստ քարտեզի նշումների, թիմերի կողմնորոշումը տեղանքում։
«Պրոֆեսիոնալ» մրցաձևում երկրորդ տեղը գրավել է Իրանի թիմը, որին հաջորդում են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հունաստանի թիմերը։
Նշենք, որ «Միջազգային բանակային խաղերի» թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված է 18 տղամարդ և 6 կին զինծառայող։ «Խաղաղության մարտիկ» մրցումներն անցկացվում են 2009 թ․՝ ԱՊՀ անդամ-երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ։
Այս տարվա մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: