Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2-ի գիշերը ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրվող չորս հայ ամբաստանյալների կալանքը երկարաձգել է երեք ամսով:
Ըստ շրջանային դատարանի որոշման` Արթուր Հակոբյանը, եղբայրներ` Համլետ և Հրանտ Հայրապետյաններն ու Սերգեյ Խոջայանը կալանքի տակ կմնան մինչև նոյեմբերի 2-ը:
ՌԴ քննչական կոմիտեի նախաքննության ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց:
Վոլոկոլամսկի քաղաքային դատարանը նախօրեին նմանատիպ միջնորդություններ էր բավարարել գործով անցնող մյուս ամբաստանյալների` Դավիթ Եղիազարյանի, Սուրեն Մարկոսյանի, Ռուդիկ Մանուկյանի, Սահակ Սահակյանի և Նարեկ Ստեփանյանի դեմ:
Քրեական գործի շրջանակում արդեն իսկ հետախուզում է հայտարարարված Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում կալանավորվել է Գրիգոր Օհանյանը, ով «ԲիրՀաուս» բարի սեփականատերն է, որտեղ և տեղի է ունեցել միջադեպը: