Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:
«Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է: Հանրաքվեի օրակարգը կործանիչ է»,-նշված է հայտարարության մեջ։
ՀՀԿ կարծիքով՝ այն միտված է հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելուն և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելուն:
«Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությանը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը՝ հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ»,-նշել են նրանք:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում։