Վերջին օրերին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների և պաշտոնական շրջանակների միջև փոխադարձ ուղերձներ են հնչել։ Այս ուղերձների մասին մանրամասներ հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ի՞նչ հաջորդող քայլեր կարելի է ակնկալել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում երկաթուղու և ճանապարհների գործարկման ուղղությամբ։
«Երբ 2021 թվականի գարնանը ես սկսեցի հանդիպումներ ունենալ ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, չեմ հիշում՝ ինչ հանգամանքներում մի խոսակցություն բանաձևվեց հետևյալ կերպ, որ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պետք է կառավարվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ հետագա ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում այս տրամաբանությունն առկա էր։
Նա հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանում և տարածաշրջանում խաղաղ զարգացման ժամանակաշրջան ստեղծելու համար։ Նա ասաց, որ Կառավարության ծրագրում բավականին մանրամասն շարադրել են իրենց պատկերացումները։ Քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ։
«Մենք գնահատել ենք այդ ազգակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցությունների բացման վերաբերյալ»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ հաջորդը խոսակցությունը սկսելու ուղղությամբ տարվող քայլերն են։ Այն պետք է լինի նախ աշխատանքային, ապա կարող է լինել նաև հրապարակային։