Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն, ինչից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ զրույցում։
«Խորհրդային միության քարտեզների համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել՝ մինչև սահմանազատման գործընթացի սկսելը փոխադրամիջոցներն առանց արգելքի այդ ուղղությամբ երթևեկեն»,- ասել է Զոհուրին։
«Այժմ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն արդեն մի քանի օր է՝ կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումարներ գանձելով իրանցի վարորդներից։ Թերևս Ադրբեջանն օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ»,- նշել է դեսպանը։
Իրանական կողմը, դեսպանի խոսքով, ջանքեր է գործադրում, որ այս հարցն իր լուծումն ստանա և մինչև այդ Հայաստանի կառավարությունից ակնկալում են, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի։