Քիչ առաջ, առանց մեր իմացության, ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճարներ։ Տեղեկությունը հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ պարգևավճար ստացել են նաև ընդդիմադիր պատգամավորները և ենթադրում են, որ Անկախության տոնի առիթով է։
««Հայաստան»» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու։ Անընդունելի և դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ, 10 000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ, և պետական պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԺ-ի պատգամավորները, շարունակում են ստանալ պարգևավճար»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հավատարիմ մնալով նախընտրական հայտարարություններին՝ կա՛մ կվերադարձնեն դա պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ տարածնքներում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը հավելեց, որ պատրաստվում են պարգևավճարների վերաբերյալ բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևավճար տրամադրելը ապօրինություն է։