ՀԱՊԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-ն առաջիկա կես տարում կփոխի բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու իր որոշումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը խորը ափսոսանք է առաջացնում և, անկասկած, լուրջ վնաս կհասցնի ոչ միայն ռազմական գործունեության վերահսկողության համակարգին, այլև ամբողջ միջազգային անվտանգության համակարգին: Մեր գնահատմամբ՝ այդ քայլը խարխլում է պետությունների միջև վստահությունը և էապես նվազեցնում Եվրոպական մայրցամաքում թափանցիկության մակարդակը»,- ընդգծել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պայմանագրի շնորհիվ ապահովվել է սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկություն և կանխատեսելիություն: Զասը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կկարողանա վերանայել իր որոշումը, ինչը կօգնի ամրապնդել ոչ միայն եվրոպական, այլև գլոբալ անվտանգությունն ու կայունությունը:
Հիշեցնենք, ավելի վաղ, Դոնալդ Թրամպը հայտարարել էր պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ մեղադրելով Ռուսաստանին համաձայնագիրը խախտելու մեջ։ Ավելի ուշ Ռուսաստանը հերքել էր ԱՄՆ-ի մեղադրանքները՝ պայմանագիրը խախտելու համար։