Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Լուրը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Էրեբունի բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կամանդոսը, 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։
1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։
1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։
1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։
1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
1992-ի մայիսի 8-9-ը Արկադի Տեր-Թադևոսյանը, դաշտային հրամանատարների հետ համատեղ, իրականացնում է Շուշին գրավելու յուրահատուկ գործողություն, որը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկագիրը:
1992-ի մայիսի 25-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել է «Մարտական խաչ», «Կարմիր դրոշ» և «Պատվո խաչ» առաջին կարգի շքանշաններով: 2009-ին նրան շնորհվել է «Արցախի հերոս» կոչում:
Արկադի Տեր-Թադևոսյանը անգնահատելի ներդրում է ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման գործում:
Կոմանդոսը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ նա տեղափոխվել է Հայաստան բավականին հասուն տարիքում և միանգամից հասկացել, որ այստեղ ամեն ինչ հարազատ է։ Հայաստանն այն վայրն է, որտեղ ես ապրում և ստեղծագործում եմ: Ես սիրում եմ հայկական հողի յուրաքանչյուր կտոր․․․»: