Բելառուսի և Ռուսաստանի գլխավոր շտաբները հետագա քայլեր կմշակեն՝ ուղղված տարածաշրջանում պատերազմ թույլ չտալուն։ Ամփոփելով «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժության արդյունքները՝ այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է ТАСС-ը։
«Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը կշարունակվի։ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբները համատեղ հետագա քայլեր կմշակեն, և մենք այդ որոշումները կյանքի կկոչենք»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը:
Խրենինն ընդգծել է, որ Բելառուսի և ՌԴ-ի նախագահները բազմիցս ասել են, որ Մինսկն ու Մոսկվան պատերազմ չեն ուզում։
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց մեզ չեն լսում կամ չեն ուզում լսել։ Այդ պատճառով ստեղծվել է զորքերի համապատասխան խմբավորում, որը, եթե պետք է, համապատասխան հակահարված կտա»,- եզրափակել է նա։
Նշենք, որ փետրվարի 10-ին մեկնարկել են ՌԴ-ի և Բելառուսի «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները: