Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան։ Այս մասին երեքշաբթի օրը Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամադովը։
Նրա խոսքով՝ հակամարտությունն ամբողջությամբ լուծվել է, և այսօր տարածաշրջանում ստեղծվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ, որոնց աջակցում են Եվրոպան և բոլոր միջազգային կազմակերպությունները։ «Նրանց ջանքերն ուղղված են տարածաշրջանում գործընկերության զարգացմանը, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Կցանկանայի դիմել իմ հայ գործընկերներին, ովքեր, ցավոք, ոչ այնքան էթիկական արտահայտություններ են կիրառում մեր կառավարության հասցեին. մեր այցը Երևան շատ լավ նշան է մեր երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- ասաց Մամադովը:
Նա կրկնեց հայտնի թեզը, թե Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան։ Այժմ, ըստ նրա, քննարկումներ են ընթանում պատերազմից հետո գերեվարված մարդկանց մասին։
«Ադրբեջանը բազմադավան պետություն է, որտեղ տարբեր լեզուների և կրոնների մարդիկ ապրում են կողք կողքի հանդուրժողականության պայմաններում, ինչը լավագույն երաշխիքն է հայերի կողմից ներկայացված էթնիկ փոքրամասնություններին ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելու համար»։
Սոլթան Մամեդովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Երևանում ջերմ ընդունելության համար։ Նա նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերի և այն ազդանշանների կապակցությամբ, որոնք ուղարկվել են Բաքու՝ սկսելու սահմանների սահմանազատման գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես պետք է խաղա իր դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, շարունակեց նա։
Հիշենք, փետրվարի 22-ին Մարզահամերգային համալիրում տեղի են ունենում Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստեր քաղաքական, սոցիալական, մարդու իրավունքների և ժողովրդավարության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության, էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման, իրավական մերձեցման և ԵՄ քաղաքականության հետ ներդաշնակեցման հարցերի շուրջ։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներ Թաիր Միրքիշիլին և Սոլթան Մամեդովը ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի նիստերին։