Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Ուղերձում նշված է, որ հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման միջպետական շրջանակ ձեռք բերեցին։
«Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ»,- մասնավորապես ասված է ուղերձում։