Գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան։ Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։
«2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը, այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմում ՀՀ և ԱՀ սահմանների ու բնակավայրերի ուղղությամբ։ Այսօր ԱՀ ՊՆ-ը հայտնել է, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է Խրամորթի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը։