2022թ. փետրվարին և՛ 12-ամսյա, և՛ բնականոն գնաճերը ԿԲ կանխատեսումներին համահունչ նվազել են և կազմել համապատասխանաբար 6.5% և 6.4%: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
ԿԲ-ից նշում են, որ արտաքին հատվածում ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ:
«Արդյունքում՝ դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում: ԱՄՆ-ում և Եվրագոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Արդյունքում` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն: Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին: Ամբողջական պահանջարկը իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացման ազդեցությունները: Զբոսաշրջության ոլորտից սպասվում է դրական նպաստում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը և բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում ևս կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին:
«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,- հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Մանրամասները՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում։