Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ասյօր՝ ապրիլի 24-ին տեղի ունեցավ Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Արարողությանը մասնակցեցին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։ Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։