Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն ստորագրել են 2022-2023թթ․ Համագործակցության երկամյա համաձայնագիր (ՀԵՀ), որն ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ` ապահովելու բոլորին հասանելի, որակյալ առողջապահություն, առողջ համայնքների զարգացում, պատվաստումների և առողջ ապրելակերպի խթանում։
Համագործակցության նպատակը ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում աջակցելն է` սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, որոնք կծառայեն Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ կյանք և բարեկեցություն ապահովելու գործին:
Առողջապահության նախարարը հատկանշել է, որ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև գործակցությունն առանցքային է ու նաև դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը:
«Ուրախ եմ նշել, որ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին։ Քանի որ COVID-19 համավարակի վերջին ալիքը աստիճանաբար նահանջում է, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղել գլոբալ առողջապահական սպառնալիքների դեմ, որոնք դեռևս առկա են: Համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունն ու բազմաթիվ այլ ոլորտներ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։