Թուրքիայում հայտարարել են, որ Սև ծովում գազի պաշարները կբավականացնեն 45 տարվա ընթացքում համաշխարհային պահանջները ծածկելու համար: Նման գնահատական է տվել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա խոսքը մեջբերում է թուրքական Milliyet թերթը։
«Բնական գազում Սև ծովի պաշարներն այժմ գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր։ Սա միայն սկիզբն է, կլինի շարունակություն։ Սև ծովը կարող է 45 տարվա ընթացքում ծածկել գազի համաշխարհային պահանջները», – պատմել է Յըլդըրըմը։
Իր հերթին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Kriter-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը մտադիր է այդ հանքավայրի շահագործումը սկսել 2023 թվականի սկզբին և արդյունահանման ծավալները հասցնել օրական 40 մլն խմ-ի: