Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստին ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։
«Կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,- ասաց նա։
Անդրադառնալով աղբի տեսակավորմանը՝ քաղաքապետ Սարգսյանը հավելեց, որ Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր կիրականացվի։
«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,- ասաց նա։