Թուրքիայի ակտիվության թիվ մեկ պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, որի հետևանքով Թուրքիան կարողացավ տարածաշրջանում և աշխարհում մեծ դիվիդենտներ հավաքել։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ակտիվությանը՝ մասնավորապես Սիրիայի հյուսիսում։
«Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Թուրքիան կարողացավ ոչ միայն իր հեղինակությունը բարձրացնել, այլև կարողացավ դառնալ գործոն։ Մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի, այսպես կոչված, խաղարար բանակցություններ վարող միջնորդ դարձավ։ Տեսանք նաև, որ դարձավ գործոն ՆԱՏՕ-ի ներսում՝ ընդդեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու արգելքի հարցում։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ բերեց նրան, որ Թուրքիայի դերը կրկին տարածաշրջանում բարձրացավ։ Եվ Էրդողանը, ըստ էության, փորձում է իրավիճակից օգտվել»,- ասաց թուրքագետը։
Ա․ Իսպիրյանը նշեց՝ Էրդողանն այս ընթացքում ոչ միայն Սիրիա է փորձել ներխուժել, այլև Իրաքի հյուսիսում՝ Քրդիստանի ինքնավար Հանրապետության տարածքում է գործողություններ իրականացրել։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների ֆոնին նշվածը պարզապես ստվերում մնաց։
«Իրաքում ավարտելով իր գործողությունը՝ Թուրքիան փորձում է ծավալվել նաև Սիրիայում։ Գլխավոր նպատակը քրդական գործոնը հնարավորինս ապակտիվացնելն է։ Թուրքիան հստակ հաշվարկներ է արել առ այն, որ մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր գործողությունները կարող էին հակազդեցություն ունենալ թե՛ ՆԱՏՕ-ի գործընկերների, թե՛, ընդհանրապես, աշխարհի կողմից։ Մինչդեռ ներկայում Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ներսում կա փաղաքշական քաղաքականություն, իսկ աշխահում բոլորի հետաքրքրությունն ու անհանգստությունը հիմնականում ուղղված է ոչ այդքան Արևեքում քրդական բնակչությանը, որքան դեպի Ուկրաինան»,- նշեց թուրքագետը։
Նշենք, որ մայիսի 23-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին, որպեսզի ընդլայնի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: