Արտաշատի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։ Այս մասին հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
«Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ մեր փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն»,- հայտնում են ԲԿ-ից։
Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորել են փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ, մաղթում են խաղաղ ու անհոգ մանկություն՝ նրանց և բոլոր մանուկներին։