Եվրախորհրդարանի բանաձևը, որում խոսքը վերաբերում է վրացական ԶԼՄ-ներում տիրող իրավիճակին, վիրավորական է։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Բանաձևը վիրավորական է. այն սուտ է, անարժանահավատ տեղեկատվություն։ Դրանում ես նաև իռացիոնալություն տեսա։ Այս բանաձևից ողջամտությունը հանված է։ Իհարկե, կան բազմաթիվ փաստական անճշտություններ, շատ ստեր, ինչի կապակցությամբ ես շատ եմ ցավում», – ասաց նա։
Վրաստանը ոչ ոքի մոտ ոչ մի երդում չի տալիս, վրացիները քաղաքակիրթ ազգերից մեկն են, շարունակել է կառավարության ղեկավարը: «Այն վերաբերմունքը Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, որը ցույց տվեցին 300 եվրախորհրդարանականներ, դարձավ անպատասխանատու և վիրավորական», – եզրափակել է նա:
Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել Վրաստանում ԶԼՄ-ների վիճակի մասին։ Փաստաթղթում կոչ է արվում դիտարկել «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը վրացական ժողովրդավարության վրա իբր բացասական ազդեցության պատճառով: Բանաձևը նաև կոչ է անում վրացական իշխանություններին ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային:
Ղարիբաշվիլին մարտի 3-ին ԵՄ-ին հայտ է ներկայացրել Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը Վրաստանին է փոխանցել հարցաթերթիկ։ Մայիսի 2 – ին Հանրապետությունը Եվրամիությանն է ուղարկել լրացված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդը։
Վրաստանը 2009 թվականից հանդիսանում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից, որն ուղղված է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ ԵՄ համագործակցության զարգացմանը: 2014 թվականին երկիրը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի անբաժանելի մասն է խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը: 2017 թվականին Վրաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել առանց վիզայի տուրիստական ուղևորություններ կատարել շենգենյան գոտու երկրներ: