Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում հունիսի 9-12-ը անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ 59 սմ արդյունք: 800 մ վազքում էլ Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը՝ 800 մ վազքում գրանցելով 2:13.38 արդյունք: Գայանե Չիլոյանն էլ 400 մ վազքում 55,64 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավ է հանդես եկել նաև արագավազորդուհի Մարիաննա Բաղյանը: Թեև նա 15 մրցակիցների պայքարում 7-րդ տեղն է զբաղեցրել, բայց 100 մետրում ցույց է տվել 12,26 վայրկյան արդյունք և անձնական ռեկորդ է սահմանել:
Հայ մարզիկները ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել են թիմային հինգերորդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է եղել 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 18-19-ը կմասնակցի Բալկանյան երկրների առաջնությանը: