Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ճանաչելու և ցեղասպանություն իրագործածների անունները հանրային տարածքներից հեռացնելու» մասին օրինագիծ, դա պատճառ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորը թիրախավորվի թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության կողմից:
Ազգայնական ուղղվածության «Լավ» (İYİ Parti) կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները Կարո Փայլանին բնութագրել է որպես իր չափը չճանաչող գործիչ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է դատական համակարգին, որ Փայլանի՝ «սահմաններ չճանաչող, հակաիրավական և բարոյազուրկ այդ քայլը» արժանանա համապատասխան գնահատականի:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ Փայլանի դեմ «իրավական գործընթաց» են սկսելու։
Հիշեցնելով ատելության խոսքի զոհ մեկ այլ հայ գործչի՝ Հրանտ Դինքի ճակատագիրը՝ մտավորականները նշել են, որ թուրքական պետությունը և պաշտոնատար այրերը, ազգը ներկայացնող բոլոր քաղաքական գործիչները, իրավապահ համակարգը, տեղական իշխանությունները պատասխանատու են Կարո Փայլանի ապահով և անվտանգ կյանքի համար։