«Ազատություն» ռադիոկայանին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել հայ-ադրբեջանական ճանապարհների վերագործարկման բանակցություններից։
Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։
Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, որի տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։
Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացել էր փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումը։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։