Ազգային ժողովի աշխատակազմից 43 միավոր շարժական գույք նվիրաբերվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքին՝ Շուռնուխի գյուղապետարանի նոր կառուցվող շենքի գույքային միջոցներն ապահովելու նպատակով, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը 2021 թ. դեկտեմբերի 10-ին այցելել էր Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ բնակավայր: Նրա խոսքով՝ չնայած սահմանում ստեղծված իրավիճակին՝ շուռնուխցիները նոր շենքեր են կառուցում, այդ թվում՝ գյուղապետարանի նոր շենք, սակայն առկա են գույքային խնդիրներ:
Վերադառնալուն պես Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին ուղղված գրությամբ Թագուհի Թովմասյանն առաջարկել է Ազգային ժողովում առկա համապատասխան գույքային միջոցների հաշվին գյուղապետարանին տրամադրել անհրաժեշտ գույքը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ աշխատակազմը, ստանալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրությունը, իրականացրել է ներքին մշտադիտարկում՝ պարզելու այն գույքային միավորների ցանկը, որը հնարավոր է տրամադրել: Կազմվել է 43 գույքային միավոր կազմող ցանկ և ներկայացվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե, ապա կարճ ժամկետում դրական եզրակացությամբ ներկայացվել է Կառավարությանը՝ համապատասխան որոշում ստանալու համար: Կառավարությունից ստանալով որոշումը՝ ԱԺ աշխատակազմը, ըստ ընթացակարգի, կազմակերպել է աշխատանքները:
Գույքն արդեն Շուռնուխի գյուղապետարանում է:
Հեղինե Խաչիկյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմը մշտապես պատրաստակամ է աջակցելու նման նախաձեռնություններին, հատկապես, երբ դրանք վերաբերում են սահմանամերձ համայնքներին: