Թուրքիան զրահատեխնիկայի շարասյուն է ուղարկել Սիրիայի Ռաքքա նահանգի հյուսիս, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
«Թուրքիայի օկուպացիոն ուժերը ռազմական մեքենաներից, զրահատեխնիկայից և բեռնատարներից բաղկացած շարասյուն են ուղարկել Ռաքքայի նահանգի հյուսիսում գտնվող Այն Իսա շրջան»,- ասված է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ «նյութատեխնիկական նյութերով, զինամթերքով և սարքավորումներով ավտոշարասյունը ուղևորվել է այդ շրջան՝ ամրապնդելու իր դիրքերը և աջակցելու իր հավատարիմ ահաբեկչական խմբավորումներին»:
Ինչպես հայտնել է Al Mayadeen-ը, Հալեպի հյուսիսում թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Մանբիջ քաղաքի ուղղությամբ։ Տեղեկություններ են ստացվել բնակելի տներում և տնտեսական շինություններում ավերածությունների մասին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը: