Հուլիսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 13-ամյա Կարեն Մ.-ն է: Ըստ երեխայի հարազատների՝ նա մարմնական վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Ժամը 20:20-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի՝ առանց համարանիշի ավտոմեքենայով, Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ․-ին, ով այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ քննիչ Ավետիսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Արսեն Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ավտոմեքենան ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ մահացած երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում, և վարորդ Արսեն Մ.-ին հորեղբոր թոռն էր: