Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը և Եվրոպայի առաջնության մեդալակիրներն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեցին մրցաշարի արդյունքները՝ անդրադառնալով այն դրվագին, երբ հայ մարզիկ Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի մարզիկը ՀՀ օրհներգի ժամանակ իջել էր պատվո պատվանդանից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչ Ավետիք Վարդանյանը, պատմելով միջադեպի մասին, նշել է․ «Փորձեց չհարգել մեր երկրի հիմնը, փորձեց՝ պատժվեց։ Միանգամից մեդալը վերցրին ձեռքից։ Թիմային պայքարում 20 միավոր կորցրին։ Տվյալ պահին որակազրկվեց մրցումներին։ Հետագայում արդեն որոշում կկայացնի։ Ադրբեջանցիներն իրենց ֆեդերացիայի ամբողջ պատվիրակությամբ մոտեցան, ներողություն խնդրեցին մեզնից, որ չմտածենք, թե միջադեպը նախապես պլանավորված է եղել»։
Հիշեցնենք, որ Հռոմում ընթացող ըմբշամարտի ԵԱ առաջնությունում ադրբեջանցի ըմբիշը, ով ավելի վաղ պարտվել էր հայ մարզիկ Հայկ Պապիկյանին, պարգևատրման արարողության ժամանակ իջել էր պատվո պատվանդանից այն բանից հետո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոքել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է։ Տեղի էր ունեցել նոր պարգևատրություն։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը 3 մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մուշեղ Մկրտչյանը և Հայկ Պապիկյանը ոսկե մեդալակիրներ դարձան: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ։