Կենտրոնական բանկը հրապարակել է պարզաբանում՝ կապված հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հետ։
Ի թիվս այլ հարցերի` ԿԲ-ն պատասխանել է հաճախ տրվող այն հարցերից մեկին, թե որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները:
«Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն:
Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը:
Արդեն իսկ արձանագրվում է միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, Արմենիան Քարդ պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%»,-ասված է պարզաբանման մեջ։
Քաղաքացիների այն հարցին, թե ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց՝ ԿԲ-ից նշել են․ «ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում։ Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն:
Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է, որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:
Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով»:
Մանրամասներն ամբողջությամբ՝ ԿԲ կայքում։