Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
«Բանաձևը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «աշխատել եզդի ժողովրդի տառապանքը թեթևացնելու» ուղղությամբ»։
Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` միանալու հանուն պատմական արդարության վերականգնման մղվող պայքարին։
Այո, ևս մեկ կարեւորագույն քայլ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված միջազգային հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման ծավալվող գործընթացում»,- նշել է Բաքոյանը։
2014-ի օգոստոս ամսվա սկզբներին իսլամիստների զինված ուժերը գրավեցին Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 10-ի դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի։ Ըստ նույն հաղորդագրության՝ կան փաստեր, որ իսլամիստները ողջ-ողջ թաղել են եզդիների մի մասին, այդ թվում՝ երեխաների և կանանց, իսկ մոտ 300 եզդի կանանց ստրկացրել են՝ տրամադրելով նրանց իսլամիստ զինյալներին։