Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկություններ է հաղորդել պատերազմից ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց վերաբերյալ։
«Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։
Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։
Անձին հաշմանդամություն սահմանվում է (այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին համապատասխան՝ հաստատված ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 թիվ 780-Ն որոշմամբ։