Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ սուրհանդակային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանիներում առկա են մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ: Այս մասի հայտնում են ՊԵԿ-ից։
«Զվարթնոց» օդանավակայանի «կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից մաքսային զննման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված 2 առաքանի: Արդյունքում առաքանիներից մեկի մեջ առկա տպիչ սարքի ներքին հատվածներից հայտնաբերվել են 333 գրամ «մեթամֆետամին» և 37 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:
Երկրորդ առաքանու միջի տպիչ սարքի ներքին հատվածից ևս հայտնաբերվել են 112 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» և 53 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ 2 առաքանիների միջից հայտնաբերվել են 445 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի և 90 գրամ ընդհանուր քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի փոշենման զանգվածներ:
Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները, ինչպես նաև առաքանիներում հայտնաբերված իրերն ու առարկաները ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են Քննչական կոմիտեի համապատասխան վարչություն` հետագա վարույթային գործողություններն իրականացնելու համար: