Այս պահին Թաղավարդում իրավիճակը նորմալ է։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գյուղապետ Օլեգ Հարությունյանը։
Այլ մանրամասներ գյուղապետը չհայտնեց։
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։
Ավելի ուշ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։