Facebook սոցիալական ցանցը հայտնել է իր առաջին տարեկան եկամուտների անկումը երկրորդ եռամսյակում՝ հայտարարելով 1 տոկոս անկման մասին, այն հասցնելով մինչեւ 28,8 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է Itel.am-ը։
Ըստ կանխատեսումների՝ երրորդ եռամսյակում աճը կարող է էլ ավելի նվազել: Նրա մայր ընկերության՝ Meta-ի ընդհանուր շահույթը նվազել է 36 տոկոսով՝ մինչեւ 6,7 միլիարդ դոլար։
Reality Labs ստորաբաժանումը, որը պատասխանատու է Մարկ Ցուկերբերգի մետատիեզերքի երազանքի կառուցման համար, եռամսյակում կորցրել է 2,8 միլիարդ դոլար, գրում է The Verge-ը:
Meta-ի բիզնեսը դժվարացել է բոլոր ճակատներում: Apple-ի «Ask app to not track» գործառույթը iPhone-ներում ներդնելուց հետո սոցցանցում գովազդը շատ ավելի քիչ արդյունավետ է դարձել, ինչը միայն անցյալ տարի Meta-ի համար արժեցել է 10 միլիարդ դոլար գովազդային եկամուտ: Այժմ արագ դանդաղող տնտեսությունը ստիպել է գովազդատուներին հետ կանգնել իրենց ծախսերից:
Միեւնույն ժամանակ, TikTok-ի հետ մրցակցելու համար Meta-ն վերափոխում է Facebook-ը եւ Instagram-ը, որպեսզի շեշտը դնի կարճ տեսանյութերի եւ գրառումների վրա:
Վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ Ցուկերբերգը հայտնել է, որ այն բովանդակության տոկոսը, որը մարդիկ տեսնում են Facebook-ում եւ Instagram-ում այն էջերից, որոնց չեն հետեւում, հաջորդ տարի կկրկնապատկվի ավելի քան երկու անգամ: Դա իրականացնալու համար անհրաժեշտ արհեստական ինտելեկտի կառուցումը ծախսատար ներդրում է:
Թեեւ Meta-ի եկամուտը նվազում է, ընկերությանը հաջողվել է Facebook-ի ամենօրյա օգտատերերի թիվը ավելացնել 3 տոկոսով՝ հասցելով 1,97 միլիարդի։ Meta-ն հայտնում է, որ այժմ 2,88 միլիարդ մարդ ամեն օր օգտվում է սոցիալական հավելվածների իր փաթեթից՝ Facebook-ից, Messenger-ից, Instagram-ից եւ WhatsApp-ից, ինչը 4 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: