Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը Ձեր քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝ մինչև օգոստոսի 25-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Փոխանցման մասին կարող եք տեղեկանալ նախարարության կողմից տարածվող հայտարարության միջոցով։ Հաջորդող ամիսներին ևս ծրագիրը կգործի ընթացակարգով սահմանված ժամանակացույցի համաձայն (այսինքն` յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսի 25-ը)»,- ասված է հայտարարությունում։
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։