Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 9-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Ուզբեկստանի թիմին: Կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ռումինիայի հավաքականին:
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) էլ հայտնում է, որ Հնդկաստան B-ն և Հայաստանն այժմ 15 միավորով կիսում են երկրորդ և երրորդ տեղերը՝ առաջատարից՝ Ուզբեկստանից հետ մնալով ընդամենը մեկ միավորով:
«Վաղվա խաղում տեղի կունենա դասական մրցակցություն՝ Ադրբեջան (14) – Հայաստան (15): Այն դեպքում, երբ ոչ-ոքին կարող է արժանի արդյունք լինել Հայաստանի համար, Ադրբեջանը պետք է վա-բանկ գնա, որպեսզի հնարավորություն ստանա պայքարել ոսկե մեդալի համար»,-նշվում է FIDE-ի կայքէջում։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընթանում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում՝ հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը: Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց կազմերով: Շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: