ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է արագ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերականգնման վերաբերյալ՝ ԵՄ-ի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ԵՄ-ի պատրաստած համաձայնագրի տեքստը համարում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու միակ տարբերակը։
Ավելի վաղ Եվրամիությունը, որը հանդես է գալիս որպես Վիեննայի բանակցություններում համակարգող, ներկայացրել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակը: Երեկ Վիեննայում կայացած բանակցություններում իրանական պատվիրակությունը նախնական պատասխան է տվել համակարգող Էնրիկե Մորայի ներկայացրած առաջարկներին:
Իրանի ԱԳՆ դիվանագիտական աշխատակիցը հայտնել է, որ նշված առաջարկությունները պահանջում են համակողմանի քննարկում, և առարկությունների մասին տեղյալ են պահել ԵՄ համակարգողին և բանակցությունների մյուս մասնակիցներին: Պաշտոնյան նշել է, որ որոշ հարցերի շուրջ բանակցությունների անցած փուլի ընթացքում հարաբերական առաջընթաց է գրանցվել:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնգյակի և Գերմանիայի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին որոշում է կայացրել դուրս գալ այդ պայմանավորվածությունից։ ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ: