Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպմանը և Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի հետ կապված դիրքորոշումներին։
«Անցյալ շաբաթ թուրքական Կոնյայում կայացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկու դաշնակից պետությունների առաջնորդները մի շարք անվտանգության խնդիրների լայն սպեկտրով ճշտել են «ժամացույցները»։ Սպասելի է, որ Թուրքիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Բաքուն «վրեժխնդրություն» օպերացիան ամեն կերպ ներկայացնում է որպես հաջող գործողություն՝ ուղղված 2020 թվականի «աշնանային պատերազմում» իր հաջողություններն ամրագրելուն։
Երկու նախագահների «ընկերական շփումների» ֆոնին ստվերում մնացին այլ բանակցություններ, որոնք ընթացան նաև Կոնյայում։ Իլհամ Ալիևը հանդիպել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հետ: 2020 թվականի հոկտեմբերի 23-ից այդ քաղաքական գործիչը զբաղեցնում է դե ֆակտո կազմավորման ղեկավարի պաշտոնը, որը մինչ այժմ ճանաչվել է միայն Անկարայի կողմից: Ադրբեջանը երկար տարիներ եղել է տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը։ Նույնիսկ ակտիվ կոոպերացիա զարգացնելով Ռուսաստանի հետ՝ Բաքուն պնդում է Ղրիմի և Դոնբասի՝ Ուկրաինային, իսկ Աբխազիային և Հարավային Օսիային՝ Վրաստանին պատկանելը։ Կոնիայի հանդիպումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսը կվերանայվի:
Սկսենք նրանից, որ պրակտիկան, երբ նույն երկիրը հակամարտային շրջանների կարգավիճակի հարցում տրամագծորեն հակառակ դիրքեր է զբաղեցնում, նոր չէ։ ԱՄՆ-ը հայտնի է որպես Կոսովոյի ինքնորոշման քաղաքական (և ոչ միայն) հովանավորներ, բայց միևնույն ժամանակ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետևողական ջատագովներ։ Ռուսաստանը պայքարել է Չեչնիայի անջատողականության դեմ, բայց ճանաչել է Աբխազիան, Հարավային Օսիան և Լուգանսկի և Դոնեցկի անկախություն։ Նույն Թուրքիան, որը հաստատակամ է Ղարաբաղի հարցում, աջակցեց Հյուսիսային Կիպրոսի անկախությանը։ Ավելին, Ադրբեջանը շփումներ ունի կիպրոսցի թուրքերի հետ մինչ օրս։ Ճիշտ է, ճանաչման հարցը քաղաքական օրակարգում չի բարձրացվել։
Եվ հիմքեր կան կարծելու, որ տեսանելի հեռանկարում Բաքվի մոտեցումներում արմատական փոփոխություններ տեղի չեն ունենա։ Ադրբեջանը կարող է (այո, ըստ էության, արդեն դա անում է) հասկանալ Լեֆկոշիի նկատմամբ Անկարայի դրդապատճառները։ Բայց ձևական-իրավական ճանաչման ճանապարհով գնալ չի լինի։ Համենայնդեպս, իր համար փակելով ղարաբաղյան քեյսը։ Հյուսիսային Կիպրոսի հետ շփումների որոշակի մակարդակի պահպանումը մի բան է, որը կարող են գնահատվել Անկարայում։ Սակայն նման ձևաչափի և անկախության ամբողջական ճանաչման միջև, այնուամենայնիվ, որոշակի «հեռավորություն» կա։ Փաստ չէ, որ Բաքվում ցանկանում են այդ «հեռավորությունն» արագացված տեմպերով անցնել»,-գրել է փորձագետը։