Երկրում սահմանափակումներ ու կարգուկանոն մտցնելով՝ մենք անընդհատ բախվում ենք տարաբնույթ խնդիրների։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա վերագրվում է այս կամ այն մարդուն լոբինգ անելուն, կա՛մ երկրի տնտեսության կեսը փակելուն, կա՛մ ասում են՝ սա տուն է պահում, այս մեկը՝ երեխա։ Սակայն, վարչապետի խոսքով, չպետք է տրվել այս վարկածներին ու սպասել, մինչև աղետը գա՝ հետո որոշումներ կայացնել։ Նույնն, ըստ Փաշինյանի, 44-օրյա պատերազմին է վերաբերում։ Բանակում կոմպրոմիսների գնալով հասել ենք նրան, որ այդ կոմպրոմիսները մեր գլխին են պայթել։
«Եկեք որոշենք, որ երկրում, ի վերջո, ստանդարտներ են լինելու»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին իրադարձությունների բերումով որոշում է կայացվել հրավառության իրականացումը թույլատրել միայն լիցենզավորված ընկերություններին։ Անգամ մասնավոր դեպքերում մարդիկ իրավունք չեն ունենա ձեռք բերել այդ նյութերն ու կազմակերպել հրավառություն։ Ստիպված են լինելու հրավիրել լիցենզավորված ընկերության մասնագետին։
Եվս մեկ կարևոր հարց, որն, ինչպես վարչապետն է ասում, երեսուն տարի է՝ քննարկվում է, փողոցային առևտրի հարցն է։ Որպեսզի զգուշացումից հետո առևտուր իրականացնողը չվերադառնա վաճառքը շարունակելու, նյութերը կառգրավվեն և կփոխհատուցվեն միայն դատական կարգով։
Ավելի ուշ իր տված ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց, որ կառավարության ընդունած օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է սննդամթերքին, կենդանիներին, խաղալիքներին, որոնց վաճառքը փոքր կենտրոնում լայն տարածում ունի։ Քաղաքապետարանը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ, որպեսզի սանիտարական կամ անվտանգության խնդիրներ չառաջացնեն։ Վառ օրինակ է գազաբալոնով քաղցր բամբակ սարքել-վաճառելը, որտեղ անվտանգության կանոնները, հարց է, թե ինչպես են պահպանվում։
«Ինչ վերաբերում է նրան, թե վաճառողները տուն են պահում, ապա պետք է ասեմ, որ մեր սանիտարական, կանաչապատման հիմնարկներում մենք բավական մեծ քանակությամբ աշխատատեղեր ունենք, որոնք չենք կարող համալրել։ Կան նաև բողոքներ տնտեսվարողների կողմից, որ իրենք տարածք են վարձակալում, հարկային գումարներ վճարում և նույն պայմաններով և ոչ հավասար պայմաններում այլ քաղաքացիներ վաճառք են իրականացնում»,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ԱԺ առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի։ Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ որոշել է կարգավորել բացօթյա առևտրի ոլորտը:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի վաճառքը կարող է իրականացվել համապատասխան վայրերում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծանուցելու և այլ պահանջների պահպանման դեպքում։ Միևնույն ժամանակ՝ օրենքով նախատեսվում է նաև, որ բացօթյա առևտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիները և սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը և զովացուցիչ ըմպելիքները։