Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ և ԼՂ հիմնախնդրի կայուն լուծմամբ: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նա շեշտել է, որ ցավում են տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Վիկտորինի խոսքով՝ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին»,- ասել է Վիկտորինը:
Նա ընդգծել է, որ 2020թ. պատերազմի ավարտից ի վեր ներգրավված են գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով:
«Եվրամիության դիրքորոշումը շատ հստակ է եղել մինչև պատերազմը և նաև պատերազմի ընթացքում, որ մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գործընթացի առաջմղմանը: Գործընթացն, իրոք, առաջնորդում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այո՛, Եվրոպական միությունն այժմ ավելի ակտիվ դիրք է ստանձնել և տեսանելի դեր է խաղում հնարավոր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս նախագահ Միշելի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կանոնավոր խորհրդակցությունների և այցերի միջոցով»,- շեշտել է նա:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երեք եռակողմ հանդիպումները՝ 2021թ. դեկտեմբերին, 2022թ. ապրիլին և մայիսին Բրյուսելում, նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը: Միևնույն ժամանակ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև:
«Այս բարձր մակարդակի միջնորդությունները, շփումների որակն այն ավանդն է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում, և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափերում: Բնականաբար, մենք լսում ենք երկու երկրների ցանկությունները: Բայց կրկնում եմ՝ սա մրցակցություն չէ, սա փոխլրացում է այլ ջանքերի միջոցով: Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը, որ տեղի ունեցավ հուլիսի 16-ին՝ Թբիլիսիում: ԵՄ-ն ողջունում է ուղիղ կապը, որ հաստատվել է երկու արտգործնախարարների միջև: Կարծում եմ՝ բոլոր այս տարրերը միավորվում են, և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև կայուն լուծում գտնելու նպատակով»,- ասել է Վիկտորինը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Վիկտորինը շեշտել է, որ Եվրամիությունը միշտ ակտիվորեն աջակցում է հարաբերությունների նորմալացման գործընթացներին: Նա նշել է, որ հրապարակային հայտարարություններ են եղել՝ ընդգծելով, որ իրենք աջակցում են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը:
«Հույս ունենք, որ սա կտանի դեպի կարգավորում: Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը կարևոր քայլ էր առաջ: Եվրամիությունը տարիներ շարունակ ակտիվ է եղել և աջակցել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: Մենք ուզում ենք առաջընթաց տեսնել, քանի որ կարծում ենք, որ դա շահավետ է ժողովուրդների համար և նոր հնարավորություններ կբացի»,- ասել է նա: