Օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արագածոտնի մարզ։ Վարչապետի տիկնոջ կայքէջից տեղեկանում ենք, որ Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։
Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։
Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:
Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։
Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր։ Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։
Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրան տիկինը Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։