ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել նրանց, ովքեր ՀՀ պետբյուջե կվճարեն 24 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Նախագծով առաջարկվում է շարքային կազմի զինծառայողին, պատրաստության ուսումնական փուլը լրանալուց հետո և անհրաժեշտ գումարը վճարելու պայմանով, պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն տալ: Ուսումնական փուլը միջինում չորսուկես ամիս է:
Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400 000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է:
«Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ»,- ասված է նախագծում:
Նշենք, որ ներդրվող համակարգը նաև նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցում(«Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի: Իսկ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը տնօրինելու է իր հայեցողությամբ: