«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիները պետական աջակցություն կստանան: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Նախագիծը մշակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Երեկ Armenia Today-ը տեղեկացել էր, որ այն ուղարկվել էր գործընկեր նախարարություններին՝ կարծիքներ ստանալու համար:
Ըստ նախագծի՝ պայթյունի հետևանքով զոհված (գտնվելու վայրը անհայտ անձի) անձանց ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի (գտնվելու վայրը անհայտ անձի) համար նախատեսվում է 3 000 000 դրամի հատուցում։
Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձը հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնվելու դեպքում կստանա 150 000 դրամի, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնվելու դեպքում՝ 300 000 դրամի աջակցություն:
Աջակցությունից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը: Գումարը ևս կփոխանցվի էլեկտրոնային փոխանցման միջոցով:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։